«Իրավունք»-ը գրում է․ «Երբ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում կատարեց` ասելով, որ սպասում է առաջնագծի զինվորներին Երեւանում, որպեսզի վերջնականորեն լուծի պատերի տակ վնգստացողների հարցերը, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ հանդես եկան հայտարարությամբ եւ դուրս եկան խմբակցությունից կամ մանդատը վայր դրեցին: Այդ շարքում էր նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ԼՈՒՍԻՆԵ ԲԱԴԱԼՅԱՆԸ, որը զգուշացրեց, թե եթե «Իմ քայլը» հենց այդ պահին անհապաղ գործուն քայլեր չձեռնարկի, ինքը վայր է դնում իր մանդատը: Եվ թեպետ որեւէ քայլ այդպես էլ չձեռնարկվեց, բայց Լ. Բադալյանը մինչեւ օրս մանդատը վայր չի դրել: Ավելին` նրա մայրը եռման ջուր էլ լցրել իրենց տան բակում իր մանդատը վայր դնել պահանջող ակցիայի մասնակիցների վրա: Այս մասին «Իրավունքը» զրուցեց հենց իշխանական պատգամավորի հետ:
– Հոգեբանական խնդիրներ ասելով` նկատի ունեք, որ ճնշո՞ւմ է եղել Ձեզ վրա, որպեսզի մանդատը վայր չդնեք:
– Ո՛չ, սա ճնշում չէ, այլ իմ ներքին, անձնական ճնշումն է իմ նկատմամբ: Հավանաբար, ընտրություններ կլինեն, այս ամենը կանցնի, կգնա, մենք կանցնենք, կգնանք, եւ ինչպես ասում են` կնետվենք պատմության աղբամանը եւ այլն, բայց եթե ես շարունակում եմ ապրել, ինձ հետ պետք է հաշտ ապրեմ: Իսկ սա նշանակում է, որ ինչքան էլ մեծ անհաջողություն լինի, դու ինչ-որ մեկին եթե լքում ես, ուրեմն` միշտ էլ կկարողանաս շատերին լքել բոլոր հարցերում:
– Հիմա հա՞շտ եք ինքներդ Ձեզ հետ, երբ անգամ երկու կաթողիկոսներն են պահանջում վարչապետի հրաժարականը, իսկ Դուք` ոչ:
– Իրավիճակի հետ բացարձակապես հաշտ չեմ: Անկեղծ ասեմ` հասկանում եմ, որ հայտնվել ենք ծայրահեղ ծանր վիճակում, բայց փորձում եմ չկենտրոնանալ այն ամենի վրա, ինչ-որ կատարվում է: Եթե որոշել եմ մնալ եւ ունեմ թեկուզ մեկ ամիս ժամանակ, ապա պետք է այդ մեկ ամսվա ընթացքում ինչ-որ լավ բան անեմ, որ էլի իմ խղճի հետ կարողանամ հաշտ ապրել: Սա կարող է մարդիկ չհասկանան, չնկատեն, պետք էլ չէ, որ որեւիցե մեկը նկատի: Եթե պետք է գնամ ու նստեմ տանը, ոչինչ չանեմ` միայն նրա համար, որ ինձ չքարկոծեն, կամ մեկ-երկու հոգի ծափահարի, դրանից առանձնապես մեծ օգուտ չկա: Բայց եթե կա այս ժամանակահատվածը, որտեղ դու կարող ես աշխատել, օգուտ տալ մի ընտանիքի, մի փոքրիկ խնդիր լուծել, կարծում եմ` այստեղ առավելությունը, իհարկե, մնալն է:
– Երբ ինքներդ գիտեք, որ ամեն ինչ, մեղմ ասած, հարթ չէ, բայց որոշել եք գնալ այդ թիմի հետ մինչեւ վերջ, չե՞ք կարծում, որ սա քաղաքական ինքնասպանություն է:
– Այո, ամեն ինչ հարթ չէ, գուցեեւ սա քաղաքական ինքնասպանություն է, բայց այդ ինքնասպանության ճանապարհին` մինչեւ ինքնասպան լինելը, եթե կարելի է ինչ-որ բան շտկել, ապա պետք է այդ հնարավորությունից օգտվել ու թեւաթափ չլինել: Իմ գործընկերը, եթե ինչ-որ հարցում սխալվում է, այստեղ եղած ժամանակ կարծում եմ` կհամոզեմ, որ նա սխալ է:
Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը